ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-7

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-7
19.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

(սկիզբը` նախորդ համարում)

Հայկազունին հիշում էր, որ Երևանի Կոմայգում ճիշտ մի այսպիսի արձան է տեսել. նույն բարձրությամբ, գիպսից, նույն կոստյումով ու կոշիկներով և, որ ամենակարևորն է՝ նույն դիրքով: Մնում էր արձանը գիշերով գողանալ այգուց, ներկը թարմացնել և տեղադրել հին պատվանդանի վրա:
Շավարշյանի առանձնասենյակում խորհրդակցություն էր: Տեսնելով Հայկազունուն և Անդրանիկյանին, քարտուղարն անմիջապես ընդհատեց խորհրդակցությունը: Մասնակիցների դուրս գալուց հետո նա անհամբեր հարցրեց.
-Ի՞նչ արեցիք, Հրահատը գործը գլուխ բերե՞ց:
Առանձնասենյակում քար լռություն տիրեց, առաջինը լռությունը խախտեց Հայկազունին.
-Ընկեր Շավարշյան, ժամանակն իր գործը կատարել, վերջացրել է, 56 տարում նույնիսկ բազալտն է քայքայվում: Եթե օբյեկտիվ լինենք՝ այս արձանը վերականգնել հնարավոր չէ: Նույնիսկ վարպետ Հրահատի վարպետությունը մեզ չօգնեց:
Շավարշյանը մռայլվեց, նրան Երևանից պարտադրել էին, ինչ գնով էլ լինի, վերականգնել Լենինի արձանը:
-Ի՞նչ եք առաջարկում, ընկեր Հայկազունի,- բազկաթոռի մեջ անհանգիստ շարժվելով հարցրեց Շավարշյանը,- զեկուցե՞մ ղեկավարությանը, որ առաջնորդի 118-ամյակին ընդառաջ որոշեցինք շրջանային պուրակից հանել նրա արձանը, ա՞յս եք առաջարկում:
-Իհարկե` ո՛չ, ընկեր Շավարշյա՛ն, ես առաջարկում եմ այն փոխել նորով,- խիստ գործնական ավելացրեց Հայկազունին:
-Այսինքն…
-Ես նման մի արձանի տեղ գիտեմ Երևանում, կարող ենք այն բերել և գիշերով տեղադրել պատվանդանի վրա:
Հայկազունու առաջարկը վախեցրեց Շավարշյանին, բայց անելանելի վիճակը ստիպում էր համաձայնվել ցանկացած իրողության հետ:
-Գնանք տեսնենք ինչ վիճակ է, նոր կորոշենք անելիքներս,- ասաց Շավարշյանը մի այնպիսի ընկճված ձայնով, որ նույնիսկ Անդրանիկյանի կարեկցանքը շարժեց:
Երբ եռյակը մոտեցավ արձանին՝ վարպետ Հրահատը հարթակի վրա նստած՝ մտազբաղ ծխում էր: Վարպետն իր աշխատանքից հիասթափված էր, աշխատանքային երկար տարիների ընթացքում չէր եղել նման մի դեպք, երբ ինքը զզվեր իր իսկ արած գործից:
Պատվանդանի վրա, Լենինի փոխարեն, մի խեղկատակ էր կանգնած: Գլխից դեպի ճակատ բացված ճեղքը Հրահատը մասամբ վերականգնել էր լցրած գիպսով: Բայց գլխի մեջտեղից թարմ ներկի մի շերտ հատելով ճակատի կենտրոնը՝ հասնում էր քթարմատին: Պարանոցը բնականից հաստացել էր՝ տալով առաջնորդին կերած-խմած մարդու տեսք: Աջ թևի վրա, արմունկի մասում ավելացրած գիպսը ջոկատայինի թևկապ էր հիշեցնում, որի վրա առանձնանում էր թարմ ներկի շերտը: Մի խոսքով, առաջնորդի փոխարեն պատվանդանից մեզ էր նայում խոշոր գլխով մի գաճաճ խրտվիլակ, որի կոստյումն ու կոշիկներն էին միայն տեղ-տեղ հիշեցնում իրենց փառապանծ տիրոջ մասին:
Շավարշյանն ահաբեկված նայեց վարպետ Հրահատի նոր կերտած կերպարին և անձայն շրջվեց՝ վախենալով սրտի տագնապից: Մեքենան նստելուց առաջ նա դիմեց Հայկազունուն.
-Շորով ծածկել տվեք մինչև վաղը առավոտյան: Դուք առաջարկություն ունեիք, բայց իմացեք, որ ես Ձեր առաջարկի մասին ոչինչ չեմ իմացել: Հուսով եմ, որ վաղն առավոտյան շրջանի կոմունիստները Լենինի արձանը նորից կտեսնեն պատվանդանի վրա կանգնած: Մի՛ մոռացեք, ընկեր Անդրանիկյան, մի քանի օրից առաջնորդի ծննդյան 118-ամյակն է:
-Հայկազունի՛, բարեկամս, պատկերացնո՞ւմ ես մեր վիճակը, եթե այսօր ողջ լիներ օրիորդը: Ինչեր ասես, որ չէր անի շան ծիծ կերածը: Ձեռքից էլ պրծում չէր լինի, - ասաց Անդրանիկյանը քարտուղարի գնալուց հետո, վախով արձանին նայելով:
-Աստված գիտի իր արածը, ընկեր Անդրանիկյան, սկզբում նրան տարավ, հիմա էլ սրա հերթն է,- ասաց Հայկազունին՝ գլխի շարժումով արձանը ցույց տալով:
Հայկազունին իր խոսքի տերը եղավ, Երևանի Կոմայգուց գիշերով գողացան առաջնորդի նույնանման արձանը և տեղափոխեցին շրջան: Սակայն պարզվեց, որ բերվածն այն արձանը չէ, ինչպիսին իրենք էին պատկերացնում: Ամեն ինչ համընկնում էր, բացի մի բանից. գողացված արձանի առաջ պարզված աջ ձեռքում առաջնորդը գլխարկ ուներ սեղմած, իսկ իրենց արձանի ափը առանց գլխարկի էր:
Արձանն այս վիճակում շրջկենտրոնում թողնել չէր կարելի:
Փակուղուց դուրս գալու ելքը գտան Շավարշյանն ու Անդրանիկյանը: Փոխադարձ պայմանավորվածության համաձայն` Անդրանիկյանը շրջանի կոմունիստների անունից գրություն ներկայացեց շրջկոմ, որ Լենինի արձանից ընդամենը երեք մետր այն կողմ վերամբարձ կռունկ է աշխատում: Կոմունիստները խնդրել էին շրջկոմի բյուրոյին ժամանակավորապես արձանը վերցնել սարկոֆագի մեջ, մինչև ակումբի շինարարական աշխատանքների ավարտը:
1988 թ. աղետալի երկրաշարժից հետո արձանը տարբեր շենքերի ու ավերված շինությունների հետ մեկտեղ դուրս գրեցին: Ավելի շուտ դուրսգրմանն օգնել էր Հայկազունուն փոխարինած ներքին գործոց բաժնի նոր պետը՝ գնդապետ Ասլանյանը: Նրա հանձնարարությամբ քրեական հետախուզության բաժանմունքի տղաները ջարդել էին առաջնորդի արձանը և դիպվածը վերագրել երկրաշարժին:
Հետո ասում են, թե նախախնամություն չկա: Կա, սիրելի բարեկամ, կա: 1988-ից երկիրը նոր ցնցումների ու փոփոխությունների շեմին էր կանգնած՝ սկզբից Սվետոզորովաներն արևը մեզ թողեցին, հետո էլ կուռքերի արձանները սկսեցին ինքնաոչնչացման գործընթացը: Հոռետեսների մի մասն էլ պնդում էր, թե այս ամենի մեջ գարունն էր մեղավոր, իսկ ի՞նչ է, ո՞վ ասաց, որ Գարունն այժմ մեզ հետ չէ: Հետագայում պարզվեց, որ այդ Գարնան համար մշտապես պայքարել է հարկավոր:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Այսօր հեշտ և անվտանգ է ծաղրել անցյալը, բայց իրականությունից չշեղվելու համար պետք է ասել նաև, որ այդ անցյալում պետական մակարդակի վրա էր դրված սոցիալականը: Գրոտեսկային իրավիճակների կողքին մարդու համար երաշխավորված էին անվճար հիվանդանոցները, կրթությունը, աշխատանքի իրավունքը: Այն հասարակությունում չկային կիսաքաղց երեխաներ և անօգնական ծերունիներ, վարձու մարդասպաններ և փառաբանվող ավազակներ: Մարդ արարածը որոշակի ապահովված էր, բայց այս ամենը մինչ այն պահը, քանի չէիր խոսել անկախությունից և դեմ չէիր գնացել կուռքին: Այնժամ հսկայական պետական մեքենան անմիջապես գործի կանցներ, կճզմեր ու կոչնչացներ մարդուն՝ նրանից միայն հուշ թողնելով: Կային քաղաքական հայացքների համար դատապարտվածներ։ Ցավոք, նրանք, այսպես կոչված, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունում էլ կան: Նախկին հասարակարգում, որպես կանոն, հակապետական գործունեությունը որակում էին որպես խուլիգանություն: Այժմ նույնիսկ վերաորակելու կարիք չունեն, քաղաքական հայացքների համար մարդկանց զնդանն են նետում կեղծ ցուցմունքների հիման վրա: Կասեք` այնժամ կուռք կար՝ Լենինի տեսքով, այժմ չկա: Կրկին սխալվեցիք, այժմ այդ կուռքը դոլարն է: Այսպես կոչված, ժողովրդավարները կբարձրաձայնեն, որ կոմունիստների ժամանակ ազատ, անկախ, ընտրություններ լինել չէին կարող: Ի՞նչ է, այժմ կա՞ն, իհարկե՝ ոչ: Ժողովրդավարության քողի տակ Ազգային ժողով են թափանցում խամաճիկը և թմրամոլը, թաղային հեղինակությունը և պնակալեզ մտավորականը, հանցագործը և պատեհապաշտը:
Մենք անկախություն ձեռք բերեցինք, բայց տնօրինել չկարողացանք: Ի սկզբանե խանգարեցին ավերիչ երկրաշարժի հետևանքները, պատերազմն ու շրջափակումը:
Մեկ տասնամյակից ավելի է, ինչ հայրենիքովս մեկ մոլեգնում է շնացած կապիտալիզմը: Կուռքի պաշտամունքից ազատվելուց հետո, անկախության կենարար օդը չըմբոշխնած, ազգովին հայտնվեցինք հաստավիզ թիկնապահների և կիսագրագետ իշխանավորների բռնատիրության ներքո:
Ազատության, անկախության համար պայքարել է հարկավոր, հակառակ դեպքում մեկ գրոտեսկային իրավիճակը անմիջապես կփոխարինվի ավելի սարսափելի մղձավանջով:
Ժողովրդավարության, անկախության դիմակի տակ հանդես եկող խառնածինը ոչնչացնում է մեր ինքնությունը, Հայաստանը հայաթափելով՝ ձեռք է բարձրացնում ազգային անվտանգության, գենոֆոնդի վրա: Այսպես շարունակել հնարավոր չէ: Իրական անկախություն, ժողովրդի իշխանություն հաստատելու համար պայքարել է հարկավոր, սիրելի՛ բարեկամ:

Դիտվել է՝ 17040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ